«Ջավախքի բարձրիկ սարերը, բլրալանջերն ու դաշտերը կանաչ հանդերձանք են հագել, և այդ համատարած կանաչի մեջ զեփյուռի մեղմ շոյանքից երփներանգվում են հազարագույն ծաղիկները: Օրը պարզ է ու ջինջ: Կապույտ լեռնաշխարհի բնությունն էլ կարծես կամեցավ մասնակիցը դառնալ այն մեծ հանդիսության, որը տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանի հեռավոր Կարծախ գյուղում, ուր 170 տարի առաջ ծնվեց հայ աշուղական արվեստի կարկառուն ներկայացուցիչ, մեծ բանաստեղծ և փիլիսոփա, երգահան, եռանդուն հասարակական գործիչ Ջիվանին»: Անվանի հրապարակախոս Աղասի Մելքոնյանի այս տողերը գրվել են ուղիղ 30 տարի առաջ, մի շրջան, երբ ջավախահայ մտավորականությունը, հաղթահարելով խորհրդային հասարակարգի բազմաթիվ պատնեշներ, կամքի ու նվիրումի շնորհիվ հիմք դրեց Ջիվանու անունը կրող համաժողովրդական երգի տոնին:
2016-ին լրանում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ամենաառանցքային դեմքերից մեկի՝ աշուղ Ջիվանու (Սերովբե Ստեփանի Բենկոյան (Բանգոյան, Լևոնյան, 1846 թ., Ջավախք, գ. Կարծախ - 1909 թ., Թիֆլիս, Խոջիվանք) ծննդյան 170-ամյակը: Արդեն շուրջ մեկուկես դար է, ինչ բովանդակ հայությունն ապրում է ջիվանիական հևքով: Ջիվանին՝ բոլոր ժամանակների այդ մեծ փիլիսոփան, իր երգերով հիացրել, դաստիարակել, պայծառ Հայաստան ունենալու հույս ու հավատ է ներշնչել իր ժողովրդին: Նրա խոհափիլիսոփայությունը բարձր են գնահատել հայ և օտարազգի բազմաթիվ մեծեր: Ջավախք, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս՝ միջավայրեր, որոնց համադրման խճապատկերի վրա ուրվագծվում է Ջիվանու աշխարհայացքը, միջավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանդեպ առանձնահատուկ է եղել աշուղի սերը: Եվ հակառակը՝ յուրաքանչյուր միջավայր կենսատու նշանակություն է ունեցել Ջիվանու համար, որտեղ սիրվել է, արժանացել մեծարանքի և ձեռք բերել պատվավոր կոչումներ: Բոլորովին պատահական չէ, որ Ալեքսանդրապոլում տպագրված առաջին գիրքը՝ «Աշըգ Ջիվանու երգերը» (1882 թ.) խորագրով, Ջիվանու առաջին երգարանն էր, որը տպագրեց Գևորգ Սանոյանցը 1876 թ. հիմնադրված Ալեքսանդրապոլի առաջին տպարանում: Ժամանակի աշուղական միջավայրում ունենալով բացարձակ հեղինակություն՝ 1892 թ. փետրվարի 24-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած աշուղական ընտրական ժողովում Ջիվանին ընտրվում է արհեստավորների գլխավոր (ուստաբաշի): Այդ մասին վկայող փաստաթղթի տակ, որը հայերեն և ռուսերեն տարբերակով պահպանվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ, Ջիվանու ֆոնդ, 197), ստորագրել է ժամանակի աշուղների մի ողջ աստղաբույլ: Ճակատագրի բերումով, ուղիղ 17 տարի անց՝ 1909 թ. այդ նույն օրը՝ փետրվարի 24-ին, մեծանուն աշուղը հավետ փակեց աչքերը: Մահվանը նախորդող ամիսներին (1908 թ. աշուն) Ջիվանու առողջությունն արդեն կտրուկ վատացել էր, նրան այցելել էր Թիֆլիսում հայտնի բժիշկ, ՀՅԴ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Համո Օհանջանյանը և, չնայած հիվանդության լրջությանը, խոստացել առողջացնել «ուստա Ջիվանուն»: Այդուհանդերձ, Ջիվանին, չկամենալով մերժել Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան) կաթողիկոսի ընտրություններին որպես պատգամավորներ մասնակցած և Թիֆլիսով անցնող Մ. Չերազի, Ա. Չոպանյանի, Վ. Թեքեյանի և այլոց հրավերը, չի կատարում բժշկի պատվերը (ինչի համար էլ Հ. Օհանջանյանը սաստիկ զայրանում է և այլևս չի այցելում Ջիվանուն), վեր է կենում անկողնուց և ներկայանում այդ ճակատագրական երեկույթին: Բազմաթիվ երգերի շարքում նորընտիր կաթողիկոս Սիմեոն Իզմիրլյանին նվիրված երգը, որը Ջիվանին ներկայացրեց նշյալ երեկույթին, դարձավ նրա կարապի երգը. կատարումից հետո աշուղը վատ է զգացել, անմիջապես տուն է դարձել, կտրուկ բարձրացել է ջերմությունը, գամվել է անկողնուն և այլևս ոտքի չի կանգնել:
Ջիվանու հայրենի Ջավախքում ևս դժվար է գտնել մեկին, որն իր հույզերով ու զգացումներով շաղկապված չէ Ջիվանու փիլիսոփայության հետ: Եվ արդեն երեք տասնամյակից ավելի է, ինչ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում՝ մեծանուն աշուղի ծննդավայր-հայրենիքում, ի պատիվ աշուղ Ջիվանու, կազմակերպվում է երգի տոն, որը հասարակության շրջանում արմատացել է որպես «Ջիվանիական օր»։
Մեծ աշուղի 170-ամյակի տոնակատարություններին ընդառաջ ավելորդ չենք համարում հանրությանը տեղեկացնել, թե որ թվականից և ինչ հանգամանքներում է ամառվա այդ մեկ օրը Ջավախքում դարձել ջիվանիական: Ինչպես 1967-ից ի վեր անցկացվող «Պոեզիայի տերյանական օրեր» ավանդական հանդիսույթի պարագայում, այնպես էլ Ջիվանու անունը կրող երգի տոնի հիմնադրումը Ջավախքի մի խումբ մշակութային գործիչների նվիրումի և համարձակության արդյունք է: Դիմենք այդ երախտավորներից երկուսի՝ ԽՍՀՄ ժուռնալիստների և Հայաստանի գրողների միության անդամ Գալուստ Սմոյանի և գրող, բանահավաք, մանկավարժ ու մշակութային գործիչ Մկրտիչ Քթոյանի հուշերին: Եվ այսպես, «Ջավախք» գրական միավորումը, որը Ջավախքի տարբեր գյուղերում կազմակերպում էր տվյալ գյուղից սերած նշանավոր մարդկանց մասին գրական ընթերցումներ ու տոնախմբություններ, 1984 թ. հուլիսին որոշում է գրական միավորման հերթական հանդիպումն անցկացնել Կարծախ գյուղում և այն ամբողջովին նվիրել աշուղ Ջիվանուն: Միջոցառումն անցկացվելու էր դպրոցի դասասենյակներից մեկում, որտեղ քննարկվելու էին նաև Ջիվանու ծննդյան 140-ամյակին (լրանում էր 1986 թ.) նվիրված միջոցառումների անցկացման հարցերը, իսկ գլխավոր զեկուցումը հանձնարարված էր Ջիվանու համագյուղացի լրագրող, բանահավաք Դիմիկ Բագրատունուն: Այդուհանդերձ, նշանակված օրը՝ 1984 թ. հուլիսի 27-ին, միջոցառումն անցնում է բոլորովին այլ ձևաչափով: Բանն այն է, որ վաղօրոք այդ մասին տեղեկացված Կարծախի դպրոցի տնօրեն Ռ. Խաչատրյանն իր հերթին Ջիվանուն նվիրված միջոցառմանը հրավիրել էր աշխարհասփյուռ կարծախցիների, ծանոթ-անծանոթների, այդ հիշարժան օրը Կարծախ էին ժամանել Ռուսաստանի, ՀԽՍՀ-ի և ՎԽՍՀ-ի տարբեր քաղաքներից, Ջավախքի բազմաթիվ գյուղերից հարյուրավոր հայրենակիցներ, նվագախմբեր, ներկայացել էր դպրոցականների հոծ բազմություն: Պարզ էր, որ միջոցառումն այլևս չէր կարող տեղի ունենալ ո՛չ դասասենյակում, ո՛չ 600 մարդու համար նախատեսված Կարծախի մշակույթի տանը, և որոշում է կայացվում տոնախմբությունն անցկացնել դրսում:
Միջոցառման նման բնույթ ստանալու լուրը լրջորեն զայրացնում է ՊԱԿ-ին, որի հրահանգով կուսշրջկոմի քարտուղարներն անմիջապես հեռախոսով կապվում են Կարծախ գյուղ և «դաշնակցական ու նացիոնալիստ Ջիվանուն» նվիրված միջոցառում կազմակերպելու, ինքնագլուխ կերպով խորհրդային սահմանային այդ գյուղում նման լայնամասշտաբ հավաք անցկացնելու համար խստորեն կշտամբում Գ. Սմոյանին, Մ. Քթոյանին և Դ. Բագրատունուն, Գ. Եթերին (բանաստեղծ) և այլոց: Կուսշրջկոմից հրահանգում են նաև մինչև իրենց ժամանելը չսկսել միջոցառումը: Երկար սպասումներից հետո ի վերջո ժամանում է շրջկոմի երրորդ քարտուղար Է. Ավոյանը. միջոցառումն անցնում է վերջինիս սառը ներկայությամբ, Գալուստ Սմոյանի, Մկրտիչ Քթոյանի, Դիմիկ Բագրատունու, Մոլիկ Սեդրակյանի (1967 թ. ի վեր անցկացվող «Տերյանական օրեր» ավանդական հանդիսույթի, Վահան Տերյանի տուն-թանգարանի (1957 թ., Ջավախք, գ. Գանձա), «Փարվանա» գրական ակումբի և համանուն թերթի (Բոգդանովկայի շրջան) և այլնի հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը), Վանիկ Ավագյանի (մանկավարժ, բազմաթիվ գրքերի հեղինակ) և այլոց բովանդակալից ելույթներով, հագեցած գեղարվեստական մասով (երգ, պար, ասմունք և այլն): Ելույթներում միահամուռ առաջարկվում է 1986 թ. առավել մեծ շուքով տոնել մեծ աշուղի 140-ամյակը, մինչ այդ Ախալքալաքում երգի տոն չնախաձեռնելու համար շրջանի ղեկավարության հասցեին հնչում են անգամ քննադատական խոսքեր: 1984 թ. հուլիսի 27-ին աշուղ Ջիվանու պատվին տարերայնորեն նախաձեռնված և ակամայից համաժողովրդական տոնի վերածված միջոցառումն ավարտվում է ճաշկերույթ-խրախճանքով: Շրջանի ղեկավարությունը հեշտությամբ չի պատրաստվում կուլ տալու այս ամենը. հաջորդ իսկ օրը շրջկոմ են կանչվում միջոցառման կազմակերպիչ «Ջավախք» գրական միավորման անդամները, որոնց շրջկոմի քարտուղարներն սպառնում էին տարբեր տեսակի պատիժներով: «Մեղավորներից» Մ. Քթոյանին և Գ. Սմոյանին ի վերջո հաջողվում է մտնել Ախալքալաքի շրջկոմի առաջին քարտուղար Գիվի Շուգարովի (ազգությամբ հայ) մոտ և բացատրել տեղի ունեցածը: Առաջին քարտուղարը բարյացակամորեն խնդրել է իրեն ներկայացնել Ջիվանու արվեստը, որպեսզի ինքը կարողանա կողմնորոշվել: Արդյունքում՝ Գ. Շուգարովը, անտեսելով ՊԱԿ-ի ճնշումները, ցուցաբերում է սկզբունքային մոտեցում և բյուրոյի հերթական նիստին ոչ թե պատժում է «Ջավախքի» անդամներին, այլ ընթերցում նրանց առաջադրած նախագիծը. «Նկատի ունենալով շրջանի աշխատավորության ու ինտելիգենցիայի խնդրանքը՝ Ախալքալաքում հաստատել Ջիվանու երգի տոն: Տրադիցիոն կերպով այն անցկացնել Կարծախ գյուղում, ամեն տարի հունիսի վերջին շաբաթվա շաբաթ օրը, դա վերածելով համաժողովրդական հանդիսությունների»:
Արդյունքում՝ 1984 թ. օգոստոսի 5-ին Ախալքալաքի կուսշրջկոմը որոշում կայացրեց համանուն շրջանում ի պատիվ Ջիվանու, ստեղծել երգի տոն, որն ավանդաբար նշվելու է ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը:
Արդեն հաջորդ տարի՝ 1985 թ. հունիսի 16-ին, Ջիվանուն նվիրված համաժողովրդական երգի տոնն անցկացվեց պաշտոնապես, Կարծախում հյուրընկալվել էին 10000-ից ավելի հյուրեր: Երգի տոնն առաջին անգամ պաշտոնապես բացված է հայտարարում Ախալքալաքի շրջկոմի առաջին քարտուղար, Ջիվանու համագյուղացի Ստեփան Ստեփանյանը, կրկին ծավալուն զեկուցումով հանդես է գալիս Ախալքալաքի շրջանային տպարանի դիրեկտոր Դ. Բագրատունին: Բազմաթիվ հյուրերի շարքում հանդիսատեսը բուռն ծափողջյուններով է դիմավորում անվանի գրող Սերո Խանզադյանին:
Մեկ տարի անց՝ 1986 թ., Ջիվանու ծննդյան 140-ամյակին նվիրված համաժողովրդական երգի տոնը Կարծախում վերածվեց իսկական իրադարձության. հոբելյանական հանձնաժողովի նախագահն էր Վրաստանի կոմկուսի Ախալքալաքի շրջկոմի առաջին քարտուղար Ստ. Ստեփանյանը, որին էլ պատիվ էր ընձեռվել հանդես գալու բացման խոսքով: Տոնակատարությանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել Դ. Բագրատունին, Վրաստանի ԳՄ հայկական մասնաճյուղի նախագահ Սոս Սիմավորյանը, Ջիվանու համագյուղացի, բանաստեղծ Նանսեն Միքայելյանը, Ադրբեջանական ու Հայկական ԽՍՀ տարբեր շրջանների մի շարք պատասխանատու պաշտոնյաներ, գեղարվեստական մասում՝ Ջավախքի երգի-պարի ինքնագործ խմբերը, մենակատարներ Սարո Դանիելյանը, Սուսաննա Սաֆարյանը, Լևոն Իսպիրյանը, Մարգարիտ Շահինյանը և ուրիշներ: Տոնակատարությանն անդրադարձան բազմաթիվ պարբերականներ: Ե՛վ Ջիվանուն նվիրված երգի տոնի պաշտոնական սկզբնավորումը (1985 թ.), և՛ 140-ամյակի տոնակատարությունները (1986 թ.) առաջինն ազդարարողներից էր «լեռնաշխարհի հրապարակախոսը»՝ վաստակավոր ժուռնալիստ, «Սովետական Վրաստան» թերթի երկարամյա թղթակից Աղասի Մելքոնյանը:
Աշուղ Ջիվանու պատվին կազմակերպվող համաժողովրդական երգի տոնն այսպես ստացավ միս ու արյուն, որը Ջավախքում և ամենուր հետագայում արմատավորվեց որպես «Ջիվանիական օր» կամ «Ջիվանու օր»: Պահպանված փաստաթղթերից պարզվում է, որ տոնակատարությունը տարբեր ժամանակներում պաշտոնապես կոչվել է նաև «Ժողովրդական երգչի օր» (տե՛ս 1989 թ. եռալեզու հրավիրատոմսը, որը պահվում է Ջիվանու Հռիփսիմե դստեր թոռան՝ Ջիվան Հակոբյանի անձնական արխիվում, (Երևան): Հավելենք նաև, որ 1987 թ. հունիսյան տոնակատարությանը բազմաթիվ հյուրերի շարքում էր նաև Մաշտոցի անվան մատենադարանի ավագ գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը (1991-1998 թթ. ՀՀ նախագահ):
1990 թ. Ջիվանուն նվիրված համաժողովրդական տոնակատարություններին ՀԽՍՀ, իսկ այնուհետև ՀՀ պետական, հասարակական ու մշակութային գործիչների մասնակցությունը դարձավ առավել համակարգված ու լայնամասշտաբ, երբ 1990 թթ. Երևանում կազմավորվեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունը: Բազմաթիվ նշանավոր ջավախահայերի համախմբած միությունն իր երկրորդ նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանի (1992-1994 թթ., միության առաջին նախագահն էր Ռուբեն Նահատակյանը՝ 1990-1992 թթ.) օրոք հիմնադրեց «Ասպնջակ» պաշտոնաթերթը (թերթն ընդհատումներով տպագրվել է 1991 թ. մարտի 25-ից 2010 թ. հոկտեմբեր (124 համար): «Ասպնջակը» 2006-2010 թթ. (99-124-րդ համարներ) տպագրվել է «Հայրենիք» անվամբ: Նշյալ պարբերականի էջերում մշտապես տպագրվել են Ջիվանու խոհափիլիսոփայությանն ու համաժողովրդական տոնակատարություններին նվիրված ծավալուն անդրադարձներ, իսկ 1996 թ. հուլիսի 3-ին, Ջիվանու ծննդյան 150-ամյակի տոնակատարության շրջանակում, ջավախահայ հասարակական գործիչ Հակոբ Ավետիսյանի նյութական միջոցներով թողարկվել է ամբողջությամբ Ջիվանուն նվիրված «Ասպնջակի» բացառիկ համարը (թիվ 17): «Ասպնջակի» վերահրատարակման (2001 թ.), «Ջավախք» ՀԲՄ-ի կայացման և Ջիվանու հիշատակին նվիրված բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում մեծ է «Ջավախք» ՀԲՄ-ի երրորդ նախագահ (1994-2006 թթ.), Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ավանդը: Ջիվանուն և երգի տոնին տարբեր տարիներին լայնորեն անդրադարձել է նաև 2001-2009 թթ. Ջավախքում տպագրված «Ակունք» թերթը (խմբագիր՝ Մ. Թորոսյան, կարճատև ընդհատումից հետո 2011 թ. մարտից թերթը անկանոն կերպով սկսեց լույս տեսնել «Նոր ակունք» անվանումով):
Ջիվանուն նվիրված համաժողովրդական երգի տոնակատարությունների շրջանակներում տարբեր տարիներին աշուղ Ջիվանու հուշարձանները տեղադրվեցին հայրենի Կարծախում (Ջիվանու հարթաքանդակը (հեղինակ՝ Վ. Ավակով) 1987 թ. տեղադրվեց գյուղին մերձակա այն վայրում, որտեղ ավանդաբար անցկացվում են Ջիվանու երգի տոնակատարությունները, իսկ 1996 թ. գյուղի կենտրոնում տեղադրվեց աշուղի հուշարձանը (քանդակագործ՝ Բաղդասար Սարգսյան), Ախալքալաք քաղաքում (2004 թ., քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյան): Այս արձանի տեղադրման պատմությանն է նվիրված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը (2006 թ.): 2006 թ. Գյումրիում մեկ ընդհանուր պատվանդանի վրա տեղադրվեցին Շերամի և Ջիվանու արձանները (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան): Աշուղի անունը կրող փողոցներ կան Երևանում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), Գյումրիում (անվանակոչվել է 1996 թ. աշուղի ծննդյան 150-ամյակի առիթով, տեղադրվել է նաև «Ջիվանու փողոց» փորագրությամբ հուշաքար), Ախալքալաքում, ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում: ՀՀ ժողովրդական արտիստ, Ջիվանու մեծ նվիրյալ Թովմաս Պողոսյանի ջանքերով 1997 թ. «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Երևանում հիմնադրել է Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Ջիվանու անունն է կրում նաև աշուղի հայրենի Կարծախ գյուղի միջնակարգ դպրոցը: Արցախի Մարտունու շրջանում, 1993 թ. ազատագրված թաթարաբնակ Ղաջար գյուղի տեղում 1999 թ. հիմնադրվում է Ջիվանի գյուղը, որտեղ բնակություն են հաստատում նաև Ջավախքի տարբեր բնակավայրերից տեղափոխված 11 ընտանիքներ (այժմ ունի շուրջ 200-ի հասնող բնակչություն): 1996 թ., ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ համատեղ հրավիրվել է գիտաժողով, որի նյութերն ամփոփվել են «Ջիվանի-150» գրքում (տպագրությունն իրականացվեց Հակոբ Ավետիսյանի նյութական միջոցներով): Աշուղի ծննդյան 150-ամյակի առիթով ՀՀ կապի նախարարությունը 1996 թ. թողարկեց Ջիվանուն նվիրված ՀՀ փոստային նամականիշ:
Հայաստանի ազգային գրապալատի տվյալներով՝ տարբեր տարիներին տպագրված աշուղ Ջիվանու և նրան առնչվող տարաբնույթ գործերի թիվն անցնում է 200-ից:
Աշուղ Ջիվանու Հռիփսիմե դստեր թոռ, երևանաբնակ Ջիվան Հակոբյանի խոսքով՝ իրենք 2000-ական թթ. կեսերին, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ որոշել էին Երևանի Եզնիկ Կողբացի փողոցով և Մաշտոցի պողոտայով պարփակված հատվածում տեղադրել Ջիվանու հուշարձանը, իսկ հարակից տարածքում ծրագրվում էր ստեղծել մի միջավայր, որտեղ կիրականացվեին աշուղական տարբեր միջոցառումներ, հանդեսներ, ավանդական մեջլիսներ և այլն: Այդուհանդերձ, վարչապետի մահը և Ջ. Հակոբյանի վատառողջությունը կիսատ են թողնում սկսած գործը:
2003 թ. իշխանության եկած վրացական նոր ղեկավարության դրսևորումները Ջավախքի հասարակական-մշակութային կյանքի նկատմամբ 2000-ական թթ. կեսերից սկսած դարձան առավել քան խտրական, ձեռնարկվեցին հայաբնակ այդ երկրամասի հոգևոր շփումները ՀՀ-ի հետ դժվարացնելուն ուղղված բազմաթիվ քայլեր: Վրաստանում անցանկալի հայտարարված մի շարք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների շարքում արգելվեց «Ջավախք» ՀԲՄ-ի ներկայիս (ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյան, արգելվել է 2009 թ.) և նախկին (Հովհ. Այվազյան, արգելվել է 2011 թ.) նախագահների մուտքը Վրաստան (Ջավախք), դեպի Վրաստան (Ջավախք) հայատառ գրականության և թերթերի անցկացման սահմանային արգելքների պատճառով 2010 թ. փակվեց «Ջավախք» ՀԲՄ-ի պաշտոնաթերթ «Ասպնջակ»-«Հայրենիքը», գրեթե նույն ժամանակ (2009 թ.) փակվեց «Ակունք» անկախ պարբերականը, բազմապիսի դժվարությունների առաջ կանգնեցին Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի (ստեղծվել է Ջավախքում 2003 թ.) կազմում գործող մի շարք կազմակերպություններ ու միություններ, խստացվեց վերահսկողությունը Վրաստանի Հայ օգնության միության (ՎՀՕՄ) հովանու տակ գտնվող կազմակերպությունների ու բարեսիրական ծրագրերի նկատմամբ, 2001 թ. ստեղծված Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը (ՋԵՄՄ) ևս, իրեն ենթակա նախագծերով (ռադիո, «Քաջատուն» պաշտոնաթերթ, մարզական ակումբներ և այլն) հանդերձ, դադարեց գործելուց (նույն ճակատագրին արժանացավ նաև ՋԵՄՄ-ի ակտիվ մասնակցությամբ 2005 թ. ստեղծված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը) և այլն: Այս ամենի հետևանքով զգալիորեն տուժեցին, սահմանափակվեցին կամ հետագա զարգացում չապրեցին բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ:
Ջիվանու երգի ավանդական տոնակատարությունները ևս վերջին տարիներին չունեն նախկին շքեղությունը թե՛ բովանդակային, թե՛ ներկայացուցչական իմաստով: Այդուհանդերձ, չնայած առկա բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններին, աշուղի ծննդյան 170-ամյակին ընդառաջ այս հողի վրա նկատվում են դրական զարգացումներ: Այդ իմաստով հաջողված ծրագիր կարելի է համարել Ջիվանու տուն-թանգարանի և կից ցուցասրահի ստեղծումը աշուղի հայրենական տան հենքի վրա: Ծրագիրն իրականացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ, ստեղծվել է 2014 թ. Երևանում, 2015 թ. կազմակերպությունն իր մասնաճյուղն է գրանցել Ջավախքում) ծրագրերի շրջանակներում բազմաթիվ բարերարների ջանքերով: ՀՀ Հանրային ռադիոյի և մշակույթի նախարարության հետ համագործակցաբար ՋԱՀ-ը 2016 թ. հոբելյանական տարում թողարկեց նաև աշուղի երգերի 20 լավագույն կատարումները ներառող խտասկավառակը:
Ելնելով այն հանգամանքից, որ 21-րդ դարում իր ականջները նորովի ցուցադրող պանթուրքիզմի գլխավոր ուղիներից մեկն անցնում է հայաբնակ Ջավախքով ու Ջիվանու հայրենի Կարծախ գյուղով՝ ներկայումս Ջավախքում հայության հզորացմանն ուղղված մշակութային ծրագրերի դերն առավել մեծանում է, իսկ բովանդակային իմաստով դուրս գալիս զուտ մշակութայինի սահմաններից:
Ջիվանիական երգի տոնի հիմնադիր-երախտավորներից և գրական-մշակութային բովանդակալից կյանքով ապրող ջավախահայ մտավորականներից շատերն արդեն հեռացել են մեզնից. խոնարհումի արժանի, լուսավոր մարդիկ, նվիրյալներ, որոնց շնորհիվ հայրենի լեռնաշխարհում ծաղկում ապրեց հայոց հնամենի քաղաքակրթությունը, իսկ հասարակության մեջ շողարձակեց Ջիվանու տեսակը, այն Ջիվանու, որը, Մկրտիչ Սարգսյանի խորքային ձևակերպմամբ, «առանց չափազանցության իրավունք ունի անդամը համարվելու հայ գրողների այն կոհորտայի, որի ջանքերով մշակվել է մեր ժողովրդի ազգապահպանության ոգին, ապագայի նկատմամբ ունեցած նրա անսասան հավատը և գոյատևելու նրա կամքը»:
Հուսով ենք՝ նորօրյա սերնդի «անսասան հավատը» և «գոյատևման կամքը» կչեզոքացնեն Ջավախքի շուրջ ստեղծված ոչ հայանպաստ զարգացումները, և, Ջիվանու լեզվով ասած, «ձախորդ օրերն» ի զորու չեն լինի այդ լեռնաշխարհում լռեցնելու Ջիվանու երգը, իսկ աշուղին նվիրված համաժողովրդական երգի տոնակատարությունները կրկին կդառնան առավել բովանդակալից ու ներկայացուցչական:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ